ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Հավատացին, որ իմ ասածն ու արածն իրար չեն հակասում»

«Հավատացին, որ իմ ասածն ու  արածն իրար չեն հակասում»
03.11.2017 | 11:33

«Իրատեսի» զրուցակիցը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ է: Հոկտեմբերի 29-ին ՀԿՄ 15-րդ համագումարի շրջանակում տեղի ունեցած միության նախագահի ընտրության ժամանակ Արամ Սաթյանը վերընտրվեց իր պաշտոնում: Իբրև թեկնածու առաջադրվել էր նաև Վարդան Աճեմյանը: Քվեարկությանը մասնակցած միության 85 անդամներից Արամ Սաթյանի օգտին քվեարկել էր 56 հոգի, Աճեմյանի օգտին՝ 28: Մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:

-Պարոն Սաթյան, աննախադե՞պ էր ձայների այսպիսի հարաբերակցությունը:
-Անկեղծ ասած` չգիտեմ, ուղղակի հաճելի է, որ մարդիկ ինձ հավատում են, անցյալ ընտրությանը երկու ձայնի տարբերությամբ եմ ընտրվել, հիմա ես զգացի, որ նաև գնահատվեց աշխատանքը: Հավատացին, որ իմ ասածն ու արածն իրար չեն հակասում:
-Ձեր ղեկավարության տարիներին ի՞նչ ձեռքբերումներ են եղել, և ի՞նչ բացեր կան, որոնք շտկելու ուղղությամբ դեռ պետք է աշխատել:
-Սկսեմ բացերից: Բնական է, որ բացեր կլինեին, ի վերջո միայն ոչինչ չանող մարդն է, որ չի սխալվում: Պետք է ֆոնդ ստեղծել մեր կոմպոզիտորներին և երաժշտագետներին օգնելու համար: Վաղուց կար այդ միտքը, բայց այսօր արդեն, կարծում եմ, կարող եմ իրականացնել: Երբ նախորդ անգամ նախագահ ընտրվեցի, մտածում էի` ինչպես վերածնել այս շինությունը, իսկ հիմա մտածում են նաև միության համակարգը որոշակիորեն փոփոխելու մասին: Միշտ պետք է առաջ նայել: Երբ կառուցվածքային փոփոխություններ լինեն, լիովին կվերականգնվի նաև կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը: Ես առաջին քայլերն արել եմ: Քոթեջներ են վերանորորգվել: Քիչ է, ընդամենը հինգն ենք վերանորոգել, բայց պետք է հաշվի առնել, որ այդ քոթեջները կարող էին փլվել: Հին կառույց է, պետք է վերականգնել ոչ միայն քոթեջները, այլև դահլիճը, ճաշարանային համալիրը: Պետք է վերանայել, մտածել նաև այն ուղղությամբ, որ կոմպոզիտորները հնարավորություն ունենան այնտեղ ստեղծագործելու` ազատվելով վճարումներից: Իսկ հաջողությունների մասին շատ կարելի է խոսել՝ երկու ամենամյա փառատոն, պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթ, բազում համերգներ արտասահմանում, միջազգային նախագծեր Չինաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ռուսաստանի հետ, պաշտոնական կայքի, ամսագրի և ռադիոյի հիմնադրում՝ դրանով իսկ ստեղծելով ևս մեկ հնարավորություն հայ երաժշտության տարածման հարցում, չհաշված հիմնադրումից ի վեր մեր վարչական շենքում կատարված առաջին վերանորոգումները: Հաջողությունները, ձեռքբերումները շատ են, սակայն մտադիր չենք բավարարվելու եղածով:
-Իսկ միջոցները որտեղի՞ց պետք է ձեռք բերել:
-Ա՛յ, հենց դա է: Փոքր երկրում արվեստը պետական աջակցության կարիք միշտ էլ ունի: Մեծ երկրներում կոմպոզիտորները հնարավորություն ունեն ստանալու որոշակի գումար տարբեր միջոցառումներից: Պատկերացրեք` ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում քանի նվագախումբ կա, Գերմանիայում ամեն գյուղ ունի իր նվագախումբը, թեկուզ` փոքր: Մենք փոքր երկիր ենք, մեկ-երկու նվագախումբ ունենք, մեկ օպերային թատրոն: Ես արդեն ասացի, որ անպայման ֆոնդ պետք է ստեղծել: Պետք է կամաց-կամաց բարերարների մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի արվեստը: Ինչպես մտածում են մշակույթը զարգացնելու, մատաղ սերունդ աճեցնելու մասին, նույնն էլ բարերարների դեպքում է, պետք է հասնել այդ մակարդակին: Որովհետև դա մտածողություն է, գաղափարախոսություն, հայրենասիրություն: Չեմ ուզում, որ որևէ մեկը կարծի, թե ուզում եմ` փող տան, ոչ, պետք է փոխշահավետ հարաբերություններ լինեն: Միությունում որոշակի վերանորոգում ենք արել: Դա բարերարի շնորհիվ է: ԱՄՆ-ում համերգներ են կազմակերպում, ես միայն նոտաներ եմ տրամադրում: Բայց նրանք տեսան այն, ինչ արվում է, սկսեցին մեր հրատարակչությանը օգնել, մեր նոտաները տպագրել: Այսինքն` կապ է ստեղծվում, փոխադարձ վստահութուն, եթե տեսնում են, որ դիմացինը ազնիվ է ու ոչ մի դեպքում չի խախտի «խաղի կանոնները»:
-Պարոն Սաթյան, Դուք խոսեցիք կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան վերականգնման մասին, իսկ վաճառքը Ձեր ղեկավարության տարիներին բացառո՞ւմ եք:
-Նախ՝ դա որոշում եմ ոչ թե ես, այլ միության բոլոր անդամները՝ միասնաբար: ԿՄ նախագահը նույն միության անդամ է:
-Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:
-Բազմիցս եմ ասել՝ կարծում եմ, ոչ, չպետք է վաճառվի, որովհետև դա պատմական հուշարձան է, որտեղ երաժիշտները կարող են հանգստանալ, ստեղծագործել, դա կենտրոն է, որը կարող է ձգել յուրաքանչյուր (ոչ միայն հայ) արվեստասերի: Մենք պետք է կարողանանք շարունակել վերականգնել Դիլիջանի բարի անունն ու դերը հայ մշակութային իրականության մեջ, պետք է նոր շունչ հաղորդենք ստեղծագործական տան Բեթհովենի անվան այդ շքեղ դահլիճին: 2020 թվականին Բեթհովենի ծննդյան 250-ամյակն է, ուրեմն, պետք է այնպես անել, որ աշխարհը հետաքրքրվի, հայացքն ուղղի Դիլիջանի տան կողմը: Այս նպատակով կապեր ենք ստեղծում Գերմանիայի բեթհովենյան ընկերության հետ:
-Արդեն քայլե՞ր են արվում:
-Քայլեր վաղուց են արվել: Նշանակություն չունի` ես կընտրվեի միության նախագահ, թե չէի ընտրվի, կոմպոզիտորներն իմ կոլեգաներն են, մեր միությունը օղակ է: Մոտ երեք տարվա ծրագիր ունեմ: Ես առանց ծրագրի չեմ եկել:
-Ո՞ր քայլերն եք առաջնային համարում:
-Հայ երաժշտության պրոպագանդումը:
-Ժամանակակի՞ց:
-Ոչ միայն: Հա՛յ երաժշտության: Տեսեք, ժամանակակից չեմ ասում, բնական է, մենք ժամանակակից ենք, բայց Կոմիտասը մեր ժամանակակի՞ցն է: Իհարկե: Խաչատրյանը մեր ժամանակակի՞ցն է: Իհարկե: Մենք լսում ենք նրան, սիրում: ՈՒրեմն մեր ժամանակակիցներն են:
-Կարծիք կա, որ կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում չեն ներկայացվել մեր արժեքները` Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան և այլք: Ինչո՞վ է պայմանավորված այս բացթողումը:
-Եթե նայեք մեր համերգաշարը, կտեսնեք, որ երկու-երեք համերգ դուրս է եկել: Մենք ունեինք հուշահամերգ, որտեղ պետք է հնչեր մեր դասականների երաժշտությունը` Կոմիտաս, Սպենդիարյան, Խաչատրյան: Նվագախումբը, որին առաջարկվել էր կատարել մեր դասականների գործերը, հրաժարվել էր, ասելով, որ դա իրենց ծրագրերի մեջ չի մտնում: ՈՒստի այդ բացը մենք որոշակիորեն փորձեցինք լրացնել գոնե էստրադային համերգի տեսքով՝ ընդգրկելով 20-րդ դարի մեր լավագույն կոմպոզիտորների երգերը, չմոռանանք նաև փառատոնում կայացած մանկական երաժշտության համերգը, որտեղ դարձյալ հնչեցին մեր մեծերի ստեղծագործությունները: Մենք չունեինք սիմֆոնիկ համերգ այդ փառատոնի շրջանակում: Գիտե՞ք, թե ինչ սարսափելի է, որ մեր կոմպոզիտորները գրում են մեծակտավ ստեղծագործություն, բայց չենք կարողանում ներկայացնել: Այդ մեծ խմբերին և նվագախմբերին մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է նախ և առաջ հայ երաժշտությունը պրոպագանդելու համար: Ի՞նչ է նշանակում` մենք մեր ծրագրերն ունենք: Մենք ընդհանուր գործ ենք անում, պետք է հավաքվենք, ընդհանուր ծրագիրը միասին որոշենք: Կոմիտաս, Խաչատրյան կատարելը շատ լավ է, հրաշալի է, բայց ի՞նչ անի երիտասարդ կոմպոզիտորը, որ նոր է մտնում կյանք, եթե իր գործը չի կատարվել, չի կատարվելու: Նա պետք է լսի, որ հասկանա: Ես ուսանող ժամանակ լսել եմ իմ երեք սիմֆոնիկ գործերը ռադիոյի նվագախմբի կատարմամբ, սիմֆոնիկ վարիացիաս Մոսկվայում առաջին տեղ գրավեց: Պետք է փորձ ունենաս, պետք է լսես` ինչքանով են համապատասխանում ականջդ ու մտածելակերպդ: Հակառակ դեպքում ստեղծագործությունդ կմնա թղթի վրա, ու դու չես հասկանա` ճի՞շտ ես արել, թե՞ ճիշտ չես արել: Կոմպոզիտորների միության դերն ու նշանակությունն այդքանով էլ կարևորվում՝ են հնարավորություն ընձեռել, որ հնչեն ոչ միայն կայացած հեղինակները:
-Նաև պրոպագանդվում են նոր անունները:
-Նաև պրոպագանդա է, և վերջապես, եթե անդրադառնանք պատմությանը, Բեթհովենի առաջին երկու սիմֆոնիաները ոճական առումով նման են Մոցարտի ու Հայդնի երաժշտությանը, իսկ երրորդ սիմֆոնիայում նա ասաց` ես այստեղ եմ: Երկու սիմֆոնիայից հետո: Իսկ եթե երիտասարդ երաժիշտը չի լսել իր գործը, ինչպե՞ս կարող ենք իմանալ` հանճարե՞ղ է, թե՞ միջակություն:
-Ամփոփելով զրույցը` ի՞նչ կասեք:
-Շատ կարևոր է ինձ համար երեք բան` հույս, հավատ, սեր։ Եթե դրանք կան, մնացածը կլինի:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ